Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան ՈՒնալ Չևիկյոզը Hurriyet-ում թուրք-հայկական հարաբերությունների խնդիրներին նվիրված հոդված է հրապարակել։ Նա հիշեցրել է, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և սահմանների բացումը նախատեսող երկու փաստաթղթեր: Հրապարակման մեջ բաց ակնարկ կա, որ Անկարան այդ քայլին գնաց այն ժամանակ վարվող ներքին ժողովրդավարացման, Թուրքիայի քրդերի հետ երկխոսության հաստատման քաղաքականության արդյունքում, որ կոչված էր կայունացնել վիճակը ներքին Անատոլիայում։
ՈՒնալ Չևիկյոզը նշում է, որ ցյուրիխյան փաստաթղթերի հնարավոր վավերացումը Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում ստեղծում էր Անդրկովկասում եզակի իրավիճակ. Երևանի հետ հարաբերությունները վերականգնելով` Անկարան կարող էր զուգահեռ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթաց։ Եվ ոչ միայն։ Այն պահին, ակնարկում է դեսպանը, Թուրքիան փորձում էր քրդական խնդրին ժողովրդավարական լուծում տալ։ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների մի մասը լքել էր Թուրքիայի տարածքն ու անցել հարևան Իրաք։ ՔԱԿ-ի ղեկավար Աբդուլա Օջալանին, որ մինչև այսօր բանտում է, Թուրքիայի իշխանությունները խոստացել էին վաղաժամկետ ազատ արձակել: Կուսակցությունը նվազեցրել էր պահանջները` հասցնելով դպրոցներում քրդերենով ուսուցման, բավարարվել ապագայում Թուրքիայի կազմում մշակութային ինքնավարության կարգավիճակ ստանալու խոստումներով։ Անկարայի ու Երևանի հարաբերությունների նորմալացման գործընթացները և քրդերի հետ նոր հարաբերություններ կառուցելու Անկարայի ձգտումը փաստացի միասնական աշխարհաքաղաքական հանգույց էին դառնում։
Ոչինչ զարմանալի չէր։ Թուրք փորձագետները վաղուց են ընդունում, որ «երկրում քրդական հարցը պատմականորեն այս կամ այն կերպ կապված է խնդիրների հետ, որոնց անցյալում բախվել են հայկական համայնքը և հարավ-արևմուտքում ապրող ուղղափառ սիրիացիները»: Այդ մասին Today’s Zaman կայքում գրել էր սոցիոլոգ, քրդական հարցի փորձագետ, թուրք Իսմայիլ Բեշիկչին։ Նրա խոսքով` Օսմանյան կայսրության վերջին տարիներին իշխող «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ձգտում էր վերակառուցել ու թուրքացնել կայսրությունը։ Հարցը «կապված էր տնտեսության ազգայնացման հետ, որի ճանապարհին կանգնած էին հայկական, հունական, ալևիական համայնքները, որ նշանակալից ազդեցություն ունեին երկրում»: Հետո հետևեցին աքսոր ու կոտորածներ, հայերի ցեղասպանությունը, թուրք-հունական բնակչության փոխանակումը և այլն։ Բայց «լուծելով հայերի ու հույների հարցը» Անկարան չկարողացավ ասիմիլյացնել քրդերին ու ճնշել ալևիներին: Այդ ենթատեքստում ցյուրիխյան փաստաթղթերը, որ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անվանում էր «պատմական», հատուկ նշանակություն են ստանում։ Թեպետ փաստաթղթերը բոլորովին չէին վերաբերում Ադրբեջանին, Բաքվին հաջողվեց խափանել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց. «1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը` ի նշան Ադրբեջանի տարածքների, կոնկրետ` Քելբաջարի շրջանի, օկուպացման դեմ բողոքի», իսկ «Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ քանի այդ պատճառը չի վերացել, սահմանները չեն բացվի»:
Այդպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարային վերածեց իր քաղաքականության պատանդի։ Հանուն անաչառության պետք է նշել, որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձել է Բաքվի որոգայթից դուրս գալ: 2012-ի օգոստոսին Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն փորձեց նախաձեռնել Ադրբեջանի ու Հայաստանի ուղղակի բանակցություններ Ստամբուլում, ի դեպ` այդ մասին կողմնակի հիշատակելով և Սիրիայի հարցով բանակցություններում: Թուրքական Star-ի կարծիքով` նախաձեռնությունը Հիլարի Քլինթոնինն էր: «Ես աղերսում էի հայկական կողմին Ադրբեջանին վերադարձնել գոնե մեկ շրջան` խոստանալով համոզել Իլհամ Ալիևին Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել պատերազմական վիճակը դադարեցնելու և երկու երկրների սահմանը բացելու մասին,- վերջերս անկեղծացել էր Դավութօղլուն լրագրողների հետ:- Թուրքերի ու սերբերի կոնֆլիկտը 1000 տարի է տևել, հայերի հետ մեր խնդիրները մոտ 100 տարվա պատմություն ունեն։ Եթե մենք կարողացել ենք Բալկաններում հարցերը լուծել Սերբիայի, Բոսնիայի, Հերցեգովինայի հետ, ինչու՞ չենք կարող հայերի հետ լուծել»։
ԱՄՆ-ը տարանջատում էր Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հանգուցալուծումից, ձգտում էր ինտեգրել Հայաստանը Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Այն ժամանակ եվրոպական ու թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, որ Անկարան ու Երևանը վերսկսել են Ցյուրիխի գործընթացի վերականգնման գաղտնի բանակցությունները, բայց «Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներսում կան որոշակի տարաձայնություններ հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանների բացման հարցերում»։ Միջազգային դիվանագիտությանը չհաջողվեց կարգավորել թուրք-հայկական հարաբերությունների խնդիրները համալիր մոտեցման հիմքով: Թուրքական դիվանագիտությունը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ստիպված էր գործել զուգահեռ սցենարով ու բացառապես քրդական ուղղությամբ։ Արաբական գարնան հետ կապված բարդ, կուլիսային բազմաքայլ ինտրիգը հանգեցրեց նրան, որ տրանսազգային քրդական հարցի կենտրոնը Թուրքիայից տեղափոխվեց Սիրիա, հետո Իրաք, իսկ հիմա կարող է վերադառնալ Թուրքիա։ Այդ իրավիճակն այսօր ՈՒնալ Չևիկյոզից բացի արձանագրում են և այլ պաշտոնաթող դիվանագետներ, իսկ թուրքական ԶԼՄ ստեպ-ստեպ սողոսկում են լուրեր, որ «երկրի ԱԳՆ-ում կան մարդիկ, որ ռազմավարական սխալ են համարում 2009-ին ու հետո Ադրբեջանի ազդեցության տակ ընկնելը»։ 2011-ի օգոստոսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը օրակարգից հանեց 900 օրինագիծ, որոնց մեջ էին հայ-թուրքական արձանագրությունները։ 2009-ի սեպտեմբերի 24-ին կառավարությունը խորհրդարանի օրակարգ վերադարձրեց հայ-թուրքական արձանագրությունները, բայց վավերացման ժամկետներն անհայտ են։ Անկարան ցանկացած պահի կարող է վերադառնալ արձանագրություններին։ Վերջերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Երևանը «պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների»։
Թուրքիան օբյեկտիվորեն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, նախ և առաջ իբրև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամի, հավասարապես` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Այս իրավիճակում Ցյուրիխի արձանագրությունները Թուրքիայի համար կարող են դառնալ հզոր պահուստային դիվանագիտական քայլ։ Բացի այդ` «հայկական վալսը» Թուրքիայի կողմից նկատելիորեն կփոխեր քրիստոնյա Եվրոպայի վերաբերմունքը: Իհարկե, առաջին ծիծեռնակը դեռ գարնան գալը չի նշանակում, բայց գարունն էլ առանց ծիծեռնակի չի գալիս։ Կդառնա՞ նման ծիծեռնակ դեսպան Չևիկյոզի հոդվածը թուրք-հայկական հարաբերություններում, շուտով պարզ կդառնա։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. 99 տոկոսով չի դառնա: Ամեն ինչ պտտվելու ու վերադառնալու է Ղարաբաղի հարցի լուծմանը: Ղարաբաղի հարցի լուծումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին: Թուրքիայի ինչի՞ն է պետք Ադրբեջանի հետ հարաբերությունները լարելը։ Այլ հարց է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է պետք լինել Ռուսաստանին, պատահաբար չի նշվում, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը համարում է ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ սահման: Ռուսների խոր մոլորությունն է, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից ու կանդամակցի ԵԱՏՄ-ին: Իսկ քրիստոնյա Եվրոպան Անկարայի «հայկական վալսի» համար վերաբերմունքը չի փոխի ոչ Թուրքիայի, ոչ Էրդողանի նկատմամբ: ՈՒնալ Չևիկյոզն էլ դա գիտի: Ինչ-որ մեկին պետք է հայերին հույսեր ներշնչել, որ Մոսկվան զբաղվում է այդ հարցով, որ Անկարայում արդեն հոդվածներ են գրվում, որ արձանագրությունները Ազգային մեծ ժողովի օրակարգում են դեռ: Բլեֆ: Թեպետ մեկ տոկոսի հավանականություն միշտ կա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ